Մարդկային աշխատանքը նույնպես հանդիսանում է ապրանք, ինչպես մնացած ամեն ինչ, որը ունի գին` ինչպես յուրաքանչյուր ապրանք: Արժե՞ արդյոք ինքնակենսագրում նշել ձեր ֆինանսական սպասումները, թե ավելի լավ է քննարկել այն գործատուի հետ ավելի ուշ:
Ինքնակենսագրում նշելով աշխատավարձի նախընտրելի սահմանը, դուք կթեթևացնեք կադրային բաժնի աշխատակցի աշխատանքը: Բայց եթե ձեր ցանկությունները չեն համընկնում կազմակերպության առաջարկվածի հետ, ապա խուսափեք անհարմար իրավիճակից և տնտեսեք ինչպես ձեր, այնպես էլ HR մենեջերի ժամանակը:
“ԱԿՍԵՊՏ” կադրային կենտրոնի մասնագետները կարծում են, որ առաջին հերթին պետք է հաշվի առնել պաշտոնի տիպը, որի համար դիմում եք: Եթե դուք փնտրում եք ղեկավար պաշտոն, ապա պարտադիր չէ նշել աշխատավարձի չափը:
Նշելով ձեր նախընտրելի աշխատավարձը դուք հասկանալի եք դարձնում, թե որքան եք գնահատում ձեր փորձն ու հմտությունները: Բայց մինչ այդ, պետք է աշխատանքի շուկայի ուսումնասիրություն կատարել: Նախ ուսումնասիրեք ձեզ հետաքրքրող ոլորտի աշխատավարձի մակարդակը, համեմատեք ձեր հմտությունների մակարդակը այլ ինքնակենսագրերի հետ: Ինքնակենսագրում չնշելով աշխատավարձի չափը դուք անմիջականորեն կարող եք այն քննարկել գործատուի հետ`հիմնվելով տարբեր հանգամանքների վրա: Օրինակ` պատասխանատվության աստիճանը, աշխատաժամերը, աշխատանքի պարտականությունները և այլն: Գրելով կոնկրետ գումար, դուք նշում եք սանդղակ, որից աշխատավարձը չի աճի:
Ի՞նչ գումար նշել
Գործում է նաև ռիսկի գործոնը` նշելով ինչպես ցածր, այնպես էլ բարձր գումար, հնարավոր է դուք չստանաք ոչ մի առաջարկ: Նախապես ձեզ համար սահմանեք մինիմալ գումար, որին դուք կհամաձայնեք և հետո ուսումնասիրեք իրավիճակը շուկայում:Նշելով բարձր գումար, դուք պետք է հիմնավորեք այն, թե ինչու եք արժանի այդ գումարին և ինչ կարող եք տալ կազմակերպությանը դրա դիմաց:
Կադրերի մասնագետի խորհուրդն է. հարցազրույցի ժամանակ դուք կարող եք քննարկել ձեր աշխատավարձի չափը և այլ բոնուսային տարբերակներ: Հնարավոր է ձեզ առաջարկեն մինիմալ աշխատավարձ գումարած ամսեկան պարգևավճարներ, որի շնորհիվ դուք կունենաք էլ ավելի նախընտրելի աշխատավարձ: Միաժամանակ թեկնածուի աշխատավարձը պետք է համընկնի նրա պրոֆեսիոնալ հնարավորություններին: Ճիշտ է նշել միջին ցուցանիշը, որը չի վախեցնի գործատուին և միաժամանակ հասկանալի կդարձնի, որ դուք հմուտ եք ձեր աշխատանքում, իսկ լիարժեք ներկայացնել ինքներդ ձեզ, դուք կարող եք անմիջականորեն աշխատանքի ընթացքում:
